Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ:
1960 -ական թվականները կարևորագույն էջերից էին հայ մշակույթի պատմության համար: Ազգային զարթոնքի ժամանակաշրջան էր, և հայ ժողովուրդը թևակոխել էր պատմության ու ազգային ժառանգության վերարժևորման փուլ, հայ արվեստագետները բոլոր ասպարեզներում ստեղծում էին անցյալի փառավոր էջերը և հերոսների կերպարները վերածնող գործեր: Եվ այս ժամանակաշրջանում մշակույթի ասպարեզ եկավ նաև Ռուբեն Մարուխյանը, ով անմնացորդ նվիրվեց ազգային մշակույթին:
Ռուբեն Մարուխյանը ազգային մտավորականի իրական տեսակ էր արվեստի բոլոր այն ասպարեզներում, որտեղ գործում էր՝ ռեժիսուրա, գրականություն, մինչև անգամ մանկա-պատանեկան թատրոն: Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում երկար տարիներ ի վեր կրթում էր սերունդներ, սովորեցնում , թե ինչպես լինել ազգային մշակույթից ու պատմությունից սնվող արվեստագետ, քանի որ դա էր համարում ազգերի հարատևության բանաձևերից մեկը:
Իր ստեղծագործական կյանքի սկիզբը հանդիսացել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներն ավարտելը: Հետո աշխատել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր, 1974 թվականից դասավանդել էր հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա։ Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, Ռադիոթատրոնում և Հեռուստաթատրոնում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։
1978 թվականից Ռուբեն Մարուխյանը հանդիսանում էր Հայաստանի գրողների միության անդամ։ Հանդիսանում էր նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել էր պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։
Երբ համացանցում տարածվեց նվիրյալ մտավորականի ու մանկավարժի մահվան գույժը , տարբեր սերունդների ներկայացուցիչներ ամենից առաջ հիշել էին նրա ստեղծագործությունները, որոնց հիման վրա մանկա-պատանեկան ներկայացումներ են բեմադրվել՝ «Չիկարելիի արկածները», «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Մկնիկը» …Նրա բազմաթիվ պիեսները, հեքիաթները, ժողովածուները, վիպակները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով։
2020-2021 թվականներին նա տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների:
Ռուբեն Մարուխյան արվեստագետի անունը կապված էր հայ մշակույթի կյանքում այնպիսի մի զարմանահրաշ երևույթի հետ, որպիսին Հեռուստաթատրոնն է, որտեղ նրա պիեսների հիման վրա ստեղծվել էին բազմաթիվ հեռուստաներկայացումներ: Եվ 1977-ին էլ վեր հառնեց Հայկ Բժշկյանցի (Գայ) էպիկական կերպարը: Բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի հետ միասին Ռուբեն Մարուխյանը Հեռուստաթատրոնի էկրանին պարգևեց «Հեղափոխության ասպետը» (Գայ) հեռուստաներկայացումը, որտեղ լեգենդար Երկաթե դիվզիայի հրամանատար Գայի առինքնող կերպարը մարմնավորել էր Լևոն Թուխիկյանը: Իսկ ինքը Ռուբեն Մարուխյանը խաղաց կամավոր զինվորի դեր, որտեղ մյուս զինվորների հետ միասին մեղմ երգեց Կոմիտասի երգը, որը սովորել էր իր հայրիկից….
- Մի գեղեցիկ պարզ գիշեր էր,
Երկինքը լի աստեղերով,
Եվ լուսինը մեղմ փայլում էր,
Կաթնանման յուր լույսով…
Ռուբեն Մարուխյանը 90 տարեկան էր: Բայց նրա հոգին լի էր արարումներով և իր համար երջանկություն էր արվեստագետ լինելը, ազգի մշակույթին ծառայելը:
Մեզանից հեռացավ ևս մի մեծ, ով ապրեց իր հոգում եղած լույսը հայ արվեստին նվիրելով:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ